Կադրային գործավարը բողոքում է նախորդից ստացված ժառանգությունից
Եթե կադրային գործավարն անընդհատ բողոքում է նախորդ պաշտոնավարողից ստացված վատ ժառանգությունից, դա լուրջ մտածելու առիթ է տալիս։ Բավականին մեծ ռիսկ կա, որ այդես նա փորձում է քողարկել իր մասնագիտական թերացումները ու բարդել պատասխանատվությունը նախորդին։
Ինչպե՞ս շտկել վիճակը
Պարզեք, թե որքան ժամանակ է անհրաժեշտ շտկումներ անելու համար։ Եթե քիչ ժամանակ է անհրաժեշտ, ապա նա պարզապես ուրճացնում է իր գործի բարդությունը, իսկ եթե շատ երկար ժամանակ է խնդրում շտկումների համար, խնդրեք, թող տրամարդի աշխատանքների ցանկը ու յուրաքանչյուր շտկման համար անհրաժեշտ ժամանակը։
Եթե անելիքի ցանկը տրամադրելու համար անհրաժեշտ է երկու օրից երկար ժամանակ, ապա լուրջ մտածեք թիմը փոխելու կամ լրացուցիչ հմուտ մասնագետ ներգրավելու մասին։
Փաստաթղթերում հաճախ սխալներ են լինում
Կադրային գործավարի կողմից ստեղծվող փաստաթղթերում սխալների առկայության նշանները հետևյալն են․
- Աշխատակիցներին տեղկացնում են, որ փաստաթղթերը պատրաստ կլինեն երկար ժամանակ անց (օրինակ՝ 5 օր անց)։
- Բարձր ղեկավարությունը (ՄՌԿ բաժնի ղեկավարը, տնօրենը) իր աշխատանքի զգալի ժամանակը տրամադրում է այդ փաստաթղթերի ստուգմանը։
- Հաշվապահությունը երկար ժամանակ է հատկացնում կադրային գործավարից ստացված փաստաթղթերի ստուգմանը՝ աշխատավարձը հաշվարկելիս։
Նշված դեպքերի առկայությունը հուշում է, որ փաստաթղթերում սխալների առկայության ռիսկը բարձր է։ Ինչը հետագայում կարող է բերել թե՛ իրավական և թե՛ ֆինանսական ռիսկերի։
Ինչպե՞ս շտկել վիճակը
Կազմակերպել օֆիսային ծրագրերի (MS Office, Open Office, Google Docs) դասընթաց կադրային գործավարների համար ու պահանջել, որ կադրային գործավարությունը սահմանի հստակ ցուցանիշներ (KPI) փաստաթղթերի կազմման ու վերջիններիս որակը ստուգելու համար։ Միաժամանակ, պահանջեք, որ ստեղծեն առավել հաճախ օգտագործվող փաստաթղթերի կաղապարները (ձևանմուշները) ու փաստաթղթերը ստեղծեն ըստ այդ ձևանմուշների։
Կադրային գործավարը միշտ ժամանակի խնդիր ունի
Եթե նա միշտ զբաղված է ու բողոքում որ ոչինչ չի հասցնում, ապա փաստ չէ, որ դա օբյեկտիվ է։ Գուցե խնդիրը տվյալ աշխատակցի կազմակերպչական ու տեխնիկական հմտությունների պակասից է։
Ինչպե՞ս շտկել վիճակը
Փորձեք հասկանալ, թե ինչպես է կազմակերպված աշխատակցի օրը։ Ստեղծեք փաստաթուղթ, որտեղ նա կգրանցի, թե օրվա ընթացքում ինչ գործեր է արել ու որքան ժամանակ է ծախսել այդ առաջադրանքերն անելու համար։
Հետևեք այս փաստաթղթին մի քանի շաբաթվա ընթացքում և վերլուծեք արդյունքները, որոնք կարող են հուշել թե՛ ավտոմատացման կարիքի կամ թիմը նոր աշխատակցով համալրելու անհրաժեշտության մասին, կամ էլ ցույց կտա, որ աշխատակիցը մասնագիտական աճի, վերապատրաստման կարիք ունի։
Չկա արձակուրդների ղեկավարման գործընթաց
Խնդրեք կադրային գործավարին տրամադրել այդ պահի դրությամբ աշխատակիցների չօգտագործված արձակուրդային օրերի մասին հաշվետվությունը։
Եթե հաշվետվության տրամադրումը տևում է ավելին քան 2 օր նշանակում է տվյալները կառավարում են ոչ պարբերական և ռիսկ կա, որ աշխատակիցների մոտ առկա է չօգտագործված արձակուրդային օրերի գերկուտակում, ինչը հղի է ֆինանսական ռիսկերով (եթե աշխատակիցը որոշի լուծել իր աշխատանքային պայմանագիրը)։
Մյուս բացասական նշանն այն է, որ հիշյալ հաշվետվությունը տրամադրվի 2 օրվա ընթացքում, սակայն այնտեղ երևա չօգտագործված արձակուրդների գերկուտակում։
Ինչպե՞ս շտկել վիճակը
Արձակուրդային օրերի կառավարման բարձիթողի վիճակը արձակուրդների կառավարման գործընթացի հետևանք է։ Վերջինս ստեղծելու համար պետք է նախաձեռնել արձակուրդային օրերի հաշվառման աղյուսակի ստեղծում ու պահանջել ներկայացնել չօգտագործված արձակուրդային օրերի մնացորդի մասին հաշվետվություն։
Աշխատավարձի հաշվարկը քաոտիկ, անկազմակերպ ու ժամանակատար է
Աշխատավարձի հաշվարկին մասնակցում են կազմակերպության տարբեր օղակներ՝ հաշվապահությունը, բարձր և միջին ղեկավարությունը ու անշուշտ, նաև, կադրային գործավարության թիմը։
Սակայն աշխավարձի հաշվարկի արդյունավետության համար խիստ կարևոր է հատկապես կադրային գործավարի կազմակերպված աշխատանքը։
Մասնավորապես, կադրային գործավարից են կախված հետևյալ անելիքները․
- Ժամանակին ու ճիշտ պատրաստված աշխատաժամանակի տեղեկագրերը (տաբելները):
- Աշխատանքի ընդունումների և աշխատանքից ազատումների տվյալները, աշխատավարձի փոփոխությունների, ինչպես նաև պարգևատրումների, լրավճարների ու հավելավճարների մասին տեղեկատվությունը։
- Կադրային փաստաթղթերի (հատկապես՝ հրամանների) մեջ արացոլված տեղեկատվության համապատասխանեցումը նախորդ կետերում նշված փաստաթղթերին։
- Աշխատավարձի հաշվարկային թերթիկների տրամադրումը աշխատակիցներին։
Այս աշխատանքների ճշգրիտ ու ժամանակին կատարելու շնորհիվ հաշվապահությունը զգալիորեն քիչ ժամանակ է ծախսում աշխատավարձի հաշվարկի վրա, իսկ աշխատակիցները ժամանակին տեղեկանում են հաշվարկի մանրմասներին ու ստիպված չեն լինում դիմել կադրեր կամ հաշվապահությունը հաշվարկի մանրամասները ստանալու համար։
Աշխատավարձի հաշվարկի գործընթացքում առկա խնդիրների նշաններն են․
- Հաշվապահությունը դժգոհ է կադրային գործավարության որակից։
- Աշխատակիցները դժգոհում են հաշվարկային սխալների հաճախականությունից։
- Կադրերն ու հաշվապահությունը դժգոհում են աշխատակիցների հետ հաղորդակցման ծավալից։
Ինչպե՞ս շտկել իրավիճակը
Այս իրավիճակի շտկման համար կպահանջվի համալիր մոտեցում, որի կարևորագույն կետերն են․
- Պատրաստել ժամանակացույց, որտեղ հստակ պետք է սահմանել աշխատավարձի հաշվարկին մասնակցող ամեն օղակի անելիքը ու կատարման վերջնաժամկետը։
- ժամանակացույցը պետք է հաղորդակցել պատասխանատուներին ու համոզվել, որ իրենք պատասխանատվություն կստանձնեն կատարել այն։
- Կադրային գործավարության թիմը պետք է լավ տեղյակ լինի ոչ միայն Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, այլև լավ իմանա աշխատավարձի հաշվարկին վերաբերող օրենսդրությունը (այդ թվում հարկերի ու այլ վճարների հաշվարկման մանրամասներին)։
- Ավտոմատացնել աշխատավարձի հաշվարկը՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով ձեռքի աշխատանքը, որը հղի է մարդկային գործոնով պայմանավորված սխալի ռիսկով։
Որո՞նք են բարձրակարգ կադրային գործավարի նշանները
- Պրոակտիվ է, տալիս է շատ հարցեր՝ ճշտելով կազմակերպության աշխատելաոճը, կադրային հաշվառման քաղաքականությունը։
- Նախօրոք սահմանում է իր պատասխանատվության շրջանակները և համաձայնեցնում իր իրավասությունների, որոշումների կայացման ազատության չափը։
- Տեղյակ է ու հետևում է օրենսդրության փոփոխություններին, մասնակցում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։ Ի դեպ, վերջինս կարող է կատարվել կազմակերպության ֆինանսավորմամբ՝ դառնալով մոտիվացիայի պահպանման լավ միջոց։
- Ավտոմատացնում է գործընթացը՝ օգտվելով կադրային գործավարության ավտոմատացման համակարգերից։
- Պլանավորում է իր գործընթացը՝ սահմանելով ամսվա, եռամսյակի ու տարվա իր անելիքները, անելիքների կատարման վերջնաժամկետները։
- Անընդհատ բարելավում է իր մասնագիտական գիտելիքը՝ ձգտելով կադրային գործավարության մասնագետից վերածվել մարդկային կապիտալի ղեկավարման մասնագետի։
Սիրով կլսենք նաև Ձեր կարծիքը կադրային գործավարության խնդիրների, ինչպես նաև բարձրակարգ կադրային գործավարության նշանների մասին։
Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և բաժանորդագրվեք մեր նորություններին։