Ինչու՞ իրեն հարգող գործատուն ու աշխատակիցը պետք է բանակցեն համախառն աշխատավարձ

Նախապատմություն

Պատմությունն ու ճակատագիրն այնպես են դասավորվել հայ ժողովրդի համար, որ մեր վերջին պետության՝ Կիլիկիայի թագավորության, կորստից գրեթե 7 դար անց միայն կարողացանք վերականգնել մեր պետականությունը։

 

Հիպոթեզ ունենք, որ այս կամ այն պետության կազմում լինելու ընթացքում հարկ վճարելուց խուսափելը պետք է դիտվեր որպես խիզախության ու ըմբոստության մի դրսևորում, որը գովելի է ու ցուցադրում է խուսափողի մտավոր ու հոգևոր ունակությունների բարձր մակարդակը։

 

Անցած դարի վերջում մեզ բախտ վիճակվեց անկախանալ։ Ու մեր հաջորդ հիպոթեզն այն է, որ այդ անկախացման համար ազգովի առանձնապես ջանք չենք թափել ու այդ պատճառով էլ դեռ լիարժեք չենք գիտակցել անկախ պետություն ունենալու արժեքը։ Ուստի դա է պատճառը, որ մեզանում նորմալ է համարվում հարկ չվճարելը։

 

Ավելին, խորհրդային տնտեսական էքսպերիմենտի 70 տարվա ընթացքում մենք գրեթե կորցրել ենք բիզնես անելու ունակություն ու ցանկություն ունեցող մարդկանց զանգվածը ու Խորհրդային միության փլուզումից հետո բիզնեսով սկսեց զբաղվել ցանկացած ոք։ Եվ այսպես, Նոր Հայաստանի (1991 թվականից հետո էլի) բիզնես մշակույթը կերտել են մարդիկ, որոնց մեծ մասը չգիտեր այն վարելու գրագետ եղանակները, մանկուց դաստիարակվել էր «պետությանը խաբելը՝ որպես առաքինություն» ոգով և հետևաբար շատ բնական էր, որ այդ գործարարները գերշահույթ կամ պարզապես շահույթ ունենալու համար խուսափում էին հարկերից։

Թաքնված աշխատակիցների առեղծվածը

Նոր Հայաստանը ծնվեց Խորհրդային Հայաստանից, որը Խորհրդային Միության մյուս երկրների հետ կառուցում էր կոմունիստական առաջին պետությունը։

Ուստի կարելի է ենթադրել, որ այդ ժառանգությունը և քաղաքական դիվիդենտներ հեշտությամբ հավաքագրելու ցանկությունն է, որ ստիպել է մեր պետական այրերին մշակել մի աշխատանքային օրենսգիրք, որը ավելի նման է բարի ցանկությունների ու խոստումների ժողովածուի, քանի որ շատ ձեռներեցներ պարզապես չեն կարող իրենց աշխատակիցներին ապահովել այդ օրենսգրքում տեղ գտած երաշխիքները։

Ուստի այդ սոցիալիստական պահանջները, գումարվելով հարկերից խուսափելու մենթալիտետին, ստեղծեցին մի իրավիճակ, որտեղ շատ հաճախ իրեն Հենրի Ֆորդ կամ Սթիվ Ջոբս ընկալող գործատուն իր նոր աշխատակցին անում է առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվել․

Արի քեզ չգրանցենք, էն հարկի մասն էլ կստանաս որպես աշխատավարձ։

Բնականաբար, աշխատակիցը համաձայնվում է։ Ճիշտ է, հետագայում պատեհ ու անպատեհ առիթներով փնթփնթում է, թե արձակուրդ չունի, թոշակ չի ստանա և այլն, բայց իրեն թվում է՝ դրա մեղավորը ինքը չէ, այլ՝ ինչ-որ աբստրակտ էակ (օրինակ՝ պետությունը)։

Что такое хорошо, и что такое плохо

Նախևառաջ պետք է ինքներս մեզ ազնիվ պատասխան տանք․ արդյո՞ք ուզում ենք կառուցել լավ պետություն, թե մեզ համար մի երկու կոպեկ ավել տուն տանելով եզրափակվում է երազանքների հորիզոնը։

 

Եթե առաջինը (ճիշտն ասած կասկածում եմ դրանում), ապա այդ առաքելությունը ի կատար ածելու համար պետք է ընդունվել քաղաքացի դառնալու դպրոցի առաջին դասարանը։ Այն է՝ սկսել նորմալ երկրների քաղաքացիների նման հարկ վճարել։

 

Այդ դասարանն ավարտելուց հետո, պետք է անցնենք գիտակցման հաջորդ մակարդակը ու այլևս գործատուները չլինեն աշխատակիցների հարկային գործակալները։

Քաղաքացիները պետք է ինքնուրույն վճարեն իրենց հարկերը։

Ինչու՞ է դա կարևոր։ Դա հասկանալու համար պետք է անցնել քաղաքացի դառնալու դպրոցի հաջորդ դասարանը ու գիտակցել, որ քաղաքացիները ինչպես վճարում եմ պետական ծառայությունների համար, այնպես էլ կարող են պահանջել իրենց ցանկալի գին/որակ հարաբերությունը։

 

Ավելին, պետք է գիտակցել, որ արդեն երկար ժամանակ է տեղի է ունենում պետական ինստիտուտների վերանայում։ Այլևս պետությունները միավորում են ոչ թե որևէ ժողովրդին, այլ տվյալ պետության քաղաքացիներին։

 

Այսինքն․

 

ա․ Պետություններն՝ ի դեմս կառավարությունների, ծառայություններ են մատուցում իրենց աշխատակիցներին։ Այդ ծառայությունների արժեքը տվյալ պետության կողմից սահմանված հարկն է։ Իսկ տվյալ ծառայությունների որակը տվյալ պետությունում ապրելու հարմարավետությունն է։

 

բ․ Շարունակելով նախորդ կետում բերված անալոգիան՝ պետության հաճախորդները քաղաքացիներն են ու ներկայումս պետությունները մրցում են միմյանց հետ՝ առաջարկելով այս կամ այն առավելությունները ու իրենց ծառայությունների արժեքը։

 

Հետևանք․

Այն պետությունը, որը «հուպ է տալիս» պաթոսին ու հայրենասիրությանը, պարզապես անբարեխիղճ ծառայությունների մատուցող է, ով փորձում է պահպանել իր հաճախորդներին ոչ ի հաշիվ իր ծառայությունների որակի։

Իսկ ի՞նչ կտա դա գործատուներին

Նախևառաջ, պետք է հասկանալ, որ աշխատակցի աշխատավարձը մի թիվ է՝ հարկերը ներառյալ։ Աշխատակցի պարտականությունն է հաշվել հարկերը ու պարզել մաքուր թիվը։

Երբ գործատուն հիմնվում է համախառն աշխատավարձի վրա, նա հեշտացնում է ֆինանսական պլանավորումը։

Մի գաղտնիք ասենք։

Հայաստանի հարկերը ցածր են։

Պարզապես մարդիկ թյուրիմացաբար ընկերության հարկերի թվին միացնում են աշխատակիցների եկամտային հարկը և արհեստականորեն բարձրացնում հարկային բեռը։ Ավելին, աշխատակիցների եկամտային հարկն էլ գրեթե կրկնակի անգամ ցածր է, օրինակ, Գերմանիայի կամ ԵՄ այլ երկրների համեմատ։

 

Ստեղծագործ ջիղ ունեցող որոշ գործատուներ ոչ միայն բանակցում են հարկված աշխատավարձը, այլև այդ թիվը ներառում աշխատանքային պայմանագրերում։ Արդյունքում, երբ որևէ փոփոխություն է կատարվում հարկերի կամ վճարների դրույքներում, գործատուն ստիպված է փոփոխել աշխատակիցների գործող պայմանագրերը։

Ամփոփում

Ամփոփելով՝ ցանկանում ենք նշել, որ մենք լավատես ենք ու վստահ ենք, որ մեր երկիրը ամենալավն է, իսկ պետության արդյունավետությունը շուտով հաճելիորեն զարմացնելու է բոլորիս։

 

Այդ ամենին հասնելու համար մենք պետք է ունենանք կրակոտ աչքեր, չվախենանք փոփոխություններից ու լինենք ազնիվ մեր ցանկություններում։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարով՝ +374 60 446627։

Խորհուրդներ, պատմություններ և փորձագիտական կարծիքներ։ Ստացե՛ք այս ամենը նաև էլ․ փոստով

Հիմնարկը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

Հիմնարկ

Ներբեռնումներ

Կապվեք մեզ հետ

Հիմնարկ ՓԲԸ © 2018-2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են