Մարդկային կապիտալի կառավարման ոլորտում մատուցվող խորհրդատվական ծառայությունների իր ռազմավարության շրջանակում Գրանթ Թորնթոն Հայաստանը հայտարարում է Հիմնարկ ՓԲԸ-ի հետ բացառիկ համագործակցության մեկնարկի մասին։ Այս յուրահատուկ համագործակցությունը, միավորելով շուկայի լավագույն խորհրդատվական ներուժն ու տեխնոլոգիական արդի լուծումները, կոչված է բոլորովին նոր որակ փոխանցել մարդկային կապիտալի կառավարման ոլորտում հաճախորդների ունեցած փորձառությանը։ Համագործակցության արդյունքում Գրանթ Թորնթոն Հայաստանի ներդրմամբ Հիմնարկի կողմից մշակված Հիմնարկ Մարդիկ կադրային գործավարության ու աշխատավարձի հաշվարկի հարթակը համալրվելու է մի շարք նորարար գործառույթներով։
Հիմնարկ Մարդիկը հայրենական արտադրության ամպային, միասնական հարթակ է կադրային գործավարության ու աշխատավարձի հաշվարկի համար, որը բիզնեսին հնարավորություն է ընձեռում զբաղվել մարդկային կապիտալի զարգացմամբ՝ ավտոմատացման շնորհիվ խնայելով առօրյա գործընթացների վրա վատնվող ժամանակը։ Շնորհիվ ամպային կառուցվածքի՝ համակարգը հասանելի է ցանկացած վայրից և սարքից, ինչը թույլ է տալիս ցանկացած պահին կառավարել բիզնեսի այս հատվածը։ Գրանթ Թորնթոնի հետ համագործակցության շրջանակում Հիմնարկ Մարդիկը համալրող նոր գործառույթները հասանելի են լինելու Հիմնարկ Աշխատավայր անվանումով աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածի միջոցով։
Գրանթ Թորնթոն Քնսալթինգի տնօրեն Գուրգեն Հակոբյանի խոսքով․ «Այժմ, ավելի քան երբևէ, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվել մարդն ու տեխնոլոգիան։ Անկախ նրանից, թե բիզնեսի համար մեկ խնդիրը այս ճգնաժամի հաղթահարումն է, գործառնությունների փոխակերպումը, թե զարգացման պլանները, բոլոր ժամանակներում մարդը գերագույն արժեք է։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիական լուծումները շատ արագ ձեռք են բերում կարեւորագույն դեր՝ օգնելով բիզնեսին վերակազմակերպել գործընթացները, հաղորդակցումը և կառավարումը։ Մարդկային կապիտալի կառավարման ռազմավարական մոտեցումների շուրջ տրամադրվող խորհրդատվության մեր փորձը գալիս է ապացուցելու այս պնդումը, և հենց սա է ընկած Հիմնարկի հետ մեր համագործակցության հիմքում։ Հիմնարկ Մարդիկը հիանալի լուծում է ցանկացած կազմակերպության համար՝ անկախ չափից կամ ոլորտից։ Այն ծառայում է մարդկանց, մարդկային ռեսուրսների կառավարման թիմերին և ղեկավարությանը՝ ապահովելով տվյալների, ժամանակի և ռեսուրսների արդյունավետ կառավարում»։
Աշխատակիցների ինքնասպասարկման նոր լուծումը՝ Հիմնարկ Աշխատավայրը, հասանելի կլինի վեբ և մոբայլ հավելվածներով (Android և iOS համակարգերում)։ Նրա շնորհիվ․
աշխատակիցները հնարավորություն կունենան կառավարել իրենց տվյալները և հաղորդակցումը ղեկավարների հետ,
ՄՌԿ թիմը հնարավորություն կունենա ավելի արդյունավետ հաղորդակցվել աշխատակիցների հետ և հավելյալ ժամանակ տրամադրել մարդկանց զարգացմանը,
ղեկավարությունը հնարավորություն կունենա բարելավել աշխատակիցների ներգրավվածության մակարդակն ու բարձրացնել արտադրողականությունը։
Ռուբեն Օսիպյանը` Հիմնարկի համահիմնադիր և տնօրենը, նշում է. «Հիմնարկը ստեղծելիս նպատակ ունեինք հայկական բիզնեսներին տրամադրել մարդամոտ լուծում, որը թույլ կտա վարել կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը հեշտությամբ և հնարավորինս քիչ ծախսով։ Գրանթ Թորնթոնի հետ համագործակցության շնորհիվ Հիմնարկ Մարդիկի մարդկային կապիտալի կառավարման հատվածը օժտվում է նոր հնարավորություններով։ Աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածը ներկայումս մշակման փուլում է. համակարգի պաշտոնական ներկայացմանը կցուցադրենք բազմաթիվ նոր, հավես գործառույթներ։ Այս պահին, թերեւս, կարող ենք բացահայտել դրանցից որոշները, օրինակ՝ կադրային տվյալների ու փաստաթղթերի հասանելիությունը աշխատակցին, հաղորդակցման ու փաստաթղթավորման ավտոմատացումը, ինչն այնքան արժեքավոր ժամանակ է տանում. ժամանակ, որը կարելի է օգտագործել ստեղծագործ աշխատանքի համար»։
Մեկ ընդհանուր՝ Հիմնարկ Մարդիկ անվան տակ հանդես եկող նորացված համակարգի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2020թ․ սեպտեմբերին։ Այն հասանելի է լինելու բաժանորդագրությամբ՝ առանց արտոնագրի ձեռքբերման և սպասարկման լրացուցիչ ծախսերի։ Հիմնարկ Մարդիկը կարող է օգտագործվել անմիջապես բաժանորդագրությունից հետո՝ ժամանակ ազատելով զարգացման համար։ Գրանթ Թորնթոնը պատրաստ է մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել այն կազմակերպություններին, որոնք առաջնահերթությունը տալիս են և կենտրոնանում են իրենց մարդկային կապիտալի կառավարման զարգացման ոլորտների վրա։
Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 446627 և +374 44 446627։